«Մենք ոչ մի տեղ չունենք գնալու, մեր հողը ոչ մեկին չենք տալու, մեզ ոչ մի բան պետք չէ: Մեր հայրենիքն այստեղ է: Մենք այստեղ ծնվել ենք, այստեղ ապրում ենք, այստեղ էլ հողին ենք հանձնվելու: Քաջ քաջարանցիները ոչ մեկից չեն վախենում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Քաջարան գյուղի գյուղացիների անունից, ասաց գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Նա նշեց, որ իրենք են իրենց գյուղը պահողը, ոչ մեկի վրա հույս չեն դնում` անգամ մարզպետի. «Մենք հեռացող չենք, Նախիջևանի սահմանը բացող չենք»:
Քաջարանի և մյուս 4 գյուղերի գյուղացիներին սատարող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Կառավարության 627-Ն որոշումն ընդունվել է ոչ միայն ՀՀ, այլև միջազգային կոնվենցիաների խախտմամբ և չի կարող գործել. «Կառավարությանը կոչ ենք անում այն չեղյալ համարել»:
Խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշեց, որ իրենք դիմել են ԱԺ մշտական հանձնաժողովներին Ծննդյան տոներից անմիջապես հետո հանքարդյունաբերության վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու հարցով: Նա նշեց, որ ի տարբերություն Քաջարանի, մյուս գյուղերի բնակիչները տեղյակ չեն խնդրին և մոլորության մեջ են. «Նրանք կարծում են, թե հարցը միայն Քաջարանի հողերին է վերաբերում»:
Բնապահպան Մարիամ Սուխուդյանը նույնպես ներկա էր ասուլիսին և սատարում էր քաջարանցիներին: Նա նշեց, որ իրենք պատրաստում են մի քարտեզ, որի վրա ավելի պարզ կերևան Հայաստանի հանքերն ու պոչամբարները, ստեղծված աղետալի իրավիճակը. «Ծովից ծով Հայաստանի փոխարեն շուտով ունենալու ենք պոչամբարից պոչամբար հանքաստան»:





