AM
19 Նոյեմբեր 2003 - 13:22 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԻՐ ՀԱՊԿ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԿՔՆՆԱՐԿԻ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Այսօր Բիշքեկում իր աշխատանքն է սկսում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-երկրների Արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Համաժողովի մասնակիցները մտադիր են քննարկել ՆԱՏՕ-ի հետ ՀԱՊԿ համագործակցության հարցերը, ինչպես նաեւ կազմակերպության գործունեության զարգացումը մի շարք ուղղություններով: Նախարարները կայցելեն նաեւ Քանտ քաղաքում գտնվող ռուսական ավիաբազան, որը հանդիսանում է ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ավիացիոն բաղադրիչը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներից բացի, սպասվում է նաեւ ԱՊՀ գործկոմի նախագահ Յուրի Յառովի, ԵվրԱսՏՀ-ի գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտայի, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի ղեկավար Միխաիլ Կռոտովի մասնակցությունը նիստի աշխատանքներին: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի անդամներ են` Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: