Ամանորին պետք է խուսափել տարբեր տեսակի սնունդը միանգամից ընդունելուց, անհրաժեշտ է սահմանափակել ճարպոտ սնունդն ու ալկոհոլի չարաշահումը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սննդի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը՝ հավելելով, որ հատկապես անթույլատրելի է ալկոհոլի ու սունկի համադրությունը, քանի որ ալկոհոլի ազդեցությամբ սունկի թույնն ավելի արագ է ներծծվում։
«2011 թվականին գրանցվել է ստաֆիլակոկային թունավորման 8 դեպք 85 տուժածով, տնային պայմաններում պատրաստված պահածոներից թունավորման 18 դեպք 29 տուժածով»,- ասաց բանախոսը՝ նշելով, որ թունավորումներն արձանագրվել են ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում։
Չթունավորվելու համար անհրաժեշտ է հետևել մթերքների պիտանելիության ժամկետներին ու պահպանման կանոններին, չխախտել սառնարաններում մթերքը պահելու կանոնները, իսկ ծանրության զգացողությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է ցուցաբերել հնարավորինս շատ ֆիզիկական ակտիվություն։
Մարգարիտա Բաբայանը խորհուրդ է տալիս թունավորման առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես դիմել բժիշկի, իսկ մինչ շտապ օգնության ժամանելը կատարել ստամոքսի լվացում, ընդունել ակտիվացված ածուխ և օգտագործել շատ հեղուկներ։





