AM
29 Դեկտեմբեր 2011 - 10:30 AMT

Ոստիկանապետի ամանորյա ուղերձը. Աստիճանաբար հասունացող ձեր հավատը հուսախաբ չենք անի

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն Ամանորին ընդառաջ շնորհավորական ուղերձ է հղել՝ մաղթելով «նոր ոստիկանություն, որովհետև ինչպիսին ոստիկանությունն է, այնպիսին էլ կլինի մեր երկրի ու զավակների ապագան»։

«Մոտենում է 2012 թվականը: Հնի ու նորի սահմանագծին ենք և նորացած ու նորոգված պիտի մտնենք Նոր տարի: Ասված է` նոր գինին նոր տիկերի մեջ պահեք, հին գինին` հին տիկերի։ Ուրախալի է, որ այդ նորի առաջին ծիլերն արդեն երևում են թե ոստիկանության աշխատանքի կազմակերպման, թե, որ ամենակարևորն է, ոստիկանների հոգեկեցվածքի ու իրենց առաքելության հանդեպ վերաբերմունքի մեջ»,- նշում է ոստիկանապետն ու հավելում՝ առավել ուրախալի է այն, որ հասարակությունը գնահատում է բարենորոգման այս ընթացքն ու համարժեք արձագանքում ամեն նորին ու լավին, որ այսօր նախաձեռնում է ոստիկանությունը:

«Շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդին, որ սկսել է հավատալ և ակնկալիք ունի ոստիկանությունից: Վստահեցնում եմ, որ հուսախաբ չենք անի աստիճանաբար հասունացող ձեր հավատը: Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության անձնակազմի այն նվիրյալներին, ովքեր կարճ ժամանակահատվածում ընկալեցին նոր մոտեցումներն ու կարողացան բեկում մտցնել ինչպես իրենց հոգիներում, այնպես էլ` գործի մեջ: Սա դեռ սկիզբն է: Գալիք տարում շատ ավելին ենք անելու` ամրապնդելով ու խորացնելով նորոգման այս ընթացքը: Մենք հապաղելու ժամանակ չունենք: Հավատանք, արժանի լինենք մեր մարդասեր առաքելությանը, մեր մեջ կառուցենք Խղճի ու Օրենքի Տաճարը, և ամեն բան Արդարությամբ կլինի: Շնորհավոր Սուրբ Ծնունդ: Շնորհավոր Տիրոջ Սուրբ Ծննդյամբ պայծառացող Ամանոր: Աստված ձեզ պահապան»,- իր ուղերձը եզրափակել է Վլադիմիր Գասպարյանը։