Թող որ գալիք 2012 թվականին Թռչկանի ջուրը չլռի, «Չենք լռելուն» բողոքելու տեղ չունենա, բոլոր մահացած զինվորների գործերով դատավորները արդար վճիռներ կայացնեն, բացօթյա առևտրով զբաղվողները կարգին գործի անցնեն, կրպակատերերը սուպերմարկետներ բացեն, որ էլ իրենց «բան ասող» չլինի:
Թող որ մեր քաղաքն ու ողջ Հայաստանը մաքուր լինեն, քաջարանցիներին չտեղահանեն, հանքերն անխնա չշահագործեն, եկեղեցիները ոչ թե «ռեմոնտ» անեն, այլ մարդավարի վերականգնեն, հին շենքերը չքանդեն, Երևանի կենտրոնում էլ էլիտար շենքեր կամ հյուրանոցներ չսարքեն, «Պարսկական աշտարակը» նախագծի կարգավիճակում էլ թող մնա, իսկ ծառերը թող էլ չհատվեն:
Թող որ նոր տարում ավտոբուսները շատանան, միկրոավտոբուսները վերանան, ճանապարհները չսառեն, Լարսի անցակետը չփակվի, դպրոցները տաք ու վերանորոգված լինեն, բժիշկները հավատարիմ մնան Հիպոկրատի երդմանը, կրոնի մասին վերջապես նորմալ օրենք ունենաք, աղանդները վերանան, հայերն այլևս ինքնասպան չլինեն ու թշնամու գնդակի զոհը չդառնան:





