AM
5 Հունվար 2012 - 09:55 AMT

17-ամյա պատանին սպանել է 45-ամյա Մերուժան Մինասյանին

Հունվարի 4-ի գիշերը` ժամը 01.10-ի սահմաններում, Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Կոնդ թաղամասի բնակիչ Մերուժան Մինասյանը, որը նույն օրը` ժամը 06.00-ին, հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի և Էրեբունու բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 4-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Կոնդ թաղամասում վիճաբանություն է տեղի ունեցել 45-ամյա Մերուժան Մինասյանի, 36-ամյա Ալեքսան Սիմոնյանի, 17-ամյա Հարություն Մկրտչյանի և 20-ամյա Հարություն Թանապուրյանի միջև, որի ժամանակ Հարություն Մկրտչյանը դանակով հարվածել է Ալեքսան Սիմոնյանի ձեռքին և Մերուժան Մինասյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Ոստիկանությունից նաև հայտնում են, որ նույն օրը` ժամը 17.15-ին, Հ. Մկրտչյանը և Հ. Թանապուրյանը հայտնաբերվել և ներկայացվել են բաժին: Հարություն Մկրտչյանը և Հարություն Թանապուրյանը ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն: