AM
10 Հունվար 2012 - 11:38 AMT

Հայաստան վերադարձողների վերաինտեգրմանն աջակցման ծրագիրը կմեկնարկի 2012թ. երկրորդ կիսամյակում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունում, որի ընթացքում ներկայացվեցին կառույցի կողմից 2011թ-ին կատարված աշխատանքները եւ 2012 թ-ի ծրագրերը:

Ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ 2011թ-ին ընդունվել են ոլորտին վերաբերող մի շարք կարեւոր փաստաթղթեր, աշխատանքներ են իրականացվել օրենսդրության բարելավման, միջազգային համագործակցության խորացման ուղղությամբ:

Կառավարության կողմից հավանության է արժանացել «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը», ինչպես նաեւ հաստատվել է հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագիրը: Փաստաթղթով նախատեսված 147 միջոցառումները (որոնցից 83-ը պետք է իրականացվի 2012թ-ին) միտված են ապահովելու 14 ուղղություններով սահմանված նպատակների իրականացումը: Տարեվերջին կառավարության կողմից հավանության է արժանացել «ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երեւույթի ուսումնասիրության եւ դրա կանխարգելման վերաբերյալ հայեցակարգ»-ը: Ընդունվել են նաեւ «Փախստականների եւ ապաստանի մասին» եւ «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

Հատկապես ակտիվ աշխատանքներ են իրականացվել Եվրամիության հետ համագործակցության ուղղությամբ: 2011թ. հոկտեմբերին Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվել է «Շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ» համատեղ հռչակագիրը: Նախապատրաստվել է «Հայաստանի միգրացիոն կառավարման կարողությունների ամրապնդում` Հայաստան վերադարձողների վերաինտեգրմանն աջակցման նպատակով» ծրագիրը, որը կմեկնարկի 2012թ. երկրորդ կիսամյակում եւ կտեւի 3 տարի: Հավանության է արժանացել ծառայության կողմից մշակված Եվրամիության «Թվինինգ» ծրագիրը, որը կմեկնարկի այս գարնանը եւ կտեւի 27 ամիս, ծրագրի բյուջեն 1 մլն եվրո է: Ծառայությունն սկսել է մասնակցել Սոդերկոպինգյան գործընթացին, ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալու ԵՄ երկրների միգրացիայի եւ ապաստանի ոլորտում վարվող քաղաքականությանը եւ պրակտիկային: Հայաստանը մասնակցել է նաեւ Պրահյան գործընթացի շրջանակներում 2011թ-ին անցկացված միջոցառումներին` այդ թվում հոկտեմբերին Պոզնանում կազմակերպված միգրացիոն հարցերով նախարարական համաժողովին, որի շրջանակում անդամ երկրները քննարկում են ոլորտի հրատապ խնդիրները:

Անցած տարի նախաստորագրվել է «ՀՀ եւ Քաթարի Պետության միջեւ Քաթարի Պետության տարածքում Հայաստանի Հանրապետության աշխատուժի օգտագործման մասին» համաձայնագիրը: Հավանության է արժանացել նաեւ ԱՄԷ-ի հետ նույնաբովանդակ համաձայնագիր կնքելու առաջարկը:

Տեղեկացվեց, որ տարվա ընթացքում Հայաստանում ապաստան ստանալու համար ծառայություն է դիմել 73 օտարերկրյա քաղաքացի, որից 48-ի դիմումը բավարարվել է, 7-ինը մերժվել, 5-ինը կասեցվել, 6-ի դիմումի քննարկումը կարճվել է, 8 դիմում գտնվում է քննարկման փուլում: «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում բնակվելու ուղեգիր է տրվել 15 ապաստան հայցողների: Փախստականների հիմնահարցերից շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ նրանց բնակապահովության խնդիրը: Դեռեւս 1175 ընտանիքներ, որից 860-ը` Երեւան քաղաքում եւ 315-ը` Հայաստանի տարբեր մարզերում, կառավարության կողմից 2004թ. մայիսի 20-ի թիվ 747-ն որոշմամբ համարվում են բնակապահովության առաջնահերթ ծրագրի շահառուներ: Խնդրի լուծման նպատակով 2011թ. մայիսին Երեւանում կազմակերպվեց միջազգային ներկայացուցչական համաժողով։

Անցած տարի հանրակացարանային սենյակ է հատկացվել 22 փախստական ընտանիքի: Նախորդ տարիներին զբաղեցրած տարածքները սեփականաշնորհած 15 փախստական ընտանիք ստացել է վկայագիր: 2011թ-ին ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 419 փախստական: Այսպիսով, 1996թ. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 86 հազար:

2012թ. անելիքներից կարեւորվեց «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգ»-ի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների հիմնական մասի կատարումը, ինչպես նաեւ գարնանը մեկնարկող Եվրամիության «Թվինինգ» ծրագիրը, որն իրականացվելու է շվեդ-լեհական կոնսորցիումի կողմից:

Ա. Գեւորգյանը նկատեց, որ ծառայությունը հիմնականում իրականացրել է 2011-ին ծրագրած խնդիրները եւ կարեւորեց միգրացիոն կառավարման համակարգը ԵՄ համակարգին համապատասխանեցնելու, միջազգային համագործակցությունը խորացնելու ուղղությամբ կատարված աշխատանքները, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: