Ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում Հայաստանից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թեմային անդրադարձավ հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը՝ որպես հիմնական պատճառ նշելով սոցիալ-տնտեսական վատ պայմանները։
«Ցավոք սրտի կա նաև մի շերտ, որը կենսապայմանների վատ մակարդակ չունի, բայց ավելի շատ է ձգտում դեպի դուրս։ Այստեղ խնդիրն ավելի խորքային է։ Գիտեք,կա սեփական ազգից, երկրից օտարվելու, ժխտելու ներքին զգացողություն»,- նշեց բանախոսը։ Հոգեբանի խոսքով, բաժանումը, կտրուկ փոփոխությունը հեշտ բան չէ, և որպեսզի մարդը բաժանվի սեփական երկրից, ազգից, սկսում է հոգեբանորեն նախապատրաստվել, վարկաբեկել այն, ինչից պետք է բաժանվի. «Այն մարդիկ, որ պատրաստվում են գնալ, սկսում են փնովել, վարկաբեկում են՝ «էս ինչ ազգ է, էս ինչ ժողովուրդ է», համամարդկային ախտերը վերագրում ենք միայն հայերին»։
Բանախոսը խոսեց նաև «մշակութային շոկ» երևույթի մասին՝ նշելով, որ այն անտեսվում է, եթե մարդու արժեքներն այնպիսին են, որ գրպանի պարունակությունն ու սոցիալական վիճակն ավելի կարևոր են, քան միջավայրի վերաբերմունքը. «Կա արդարության պակաս, ազգային ինքնագիտակցության թուլացում, մարդիկ նաև չեն կարողանում ինքնադրսևորվել, և դա նույնպես կարող է դառնալ թողնել-հեռանալու պատճառ»։





