AM
10 Հունվար 2012 - 12:35 AMT

Սուրբ Ծննդի տոնն այս տարի մեծ շուքով են նշել Թբիլիսիի ու Ժնևի հայ համայնքներում

Սուրբ Ծննդի և Աստվածահայտնության տոնակատարությունը այս տարի մեծ շուքով են նշել Թբիլիսիի ու Ժնևի հայ համայնքներում։ Էջմիածնից հայտնում են, որ վիրահայոց թեմում տոնը մեկնարկել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում թեմի հոգևոր առաջնորդ գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի մատուցած ճրագալույցի Սուրբ պատարագով, որին ներկա են եղել տեղի հայ համայնքի ղեկավար այրերը, մտավորականության ներկայացուցիչներ, պետական և հասարակական գործիչներ, հավատացյալներ:

Վիրահայոց հոգևոր թեմի առաջնորդը Սուրբ պատարագի ընթացքում ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով: Թբիլիսիի հայ ազգաբնակչությանը շնորհավորելու են եկել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելին, Թբիլիսիի Սակրեբուլոյի նախագահ Զաալ Սամադաշվիլին, Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Թամար Կինծուրաշվիլին:

Ս. Ծննդյան և Աստվածհայտնության հրաշափառ տոնի` հունվարի 5-ին, Ժնևի Սուրբ Հակոբ Եկեղեցում մատուցվել է ճրագալույցի Սուրբ Պատարագ մասնակցությամբ բարեպաշտ հայորդիների։ Պատարագիչն էր Շվեյցարիայի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ Վարդապետ Պարսամյանը, որն իր անդրանիկ Պատարագն էր մատուցում Ժնևի Սուրբ Հակոբ Եկեղեցում։ Հայր Սուրբը հավատացյալներին է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորանքները և պատգամը՝ ավետելով մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը և Աստվածհայտնությունը։