AM
10 Հունվար 2012 - 13:29 AMT

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կվերահսկի պաշտոնյաների գույքն ու եկամուտները

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ձևավորվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմը: Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի առաջարկած թեկնածու Լիլիթ Պետրոսյանը, ՀՀ վարչապետի առաջարկած թեկնածու Արմեն Խուդավերդյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի առաջարկած թեկնածու Արեգ Շուշյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած թեկնածու Էմիլ Բաբայանը և ՀՀ գլխավոր դատախազի առաջարկած թեկնածու Արտակ Սարգսյանը` 6 տարի պաշտոնավարման ժամկետով:

Հանձնաժողովն անցկացրել է իր առաջին նիստը, որի ընթացքում ընտրվել են հանձնաժողովի նախագահ և տեղակալ: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Էմիլ Բաբայանը, իսկ տեղակալ` Արեգ Շուշյանը:

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նորանշանակ անդամների հետ: Հանդիպման ընթացքում Հանրապետության ղեկավարը ներկայացրել է հանձնաժողովի գործունեության վերաբերյալ իր տեսլականը` կարևորելով այս նորաստեղծ կառույցի առաքելությունը:

Նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը հետևողական քայլեր է իրականացնում պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության բարեփոխման և կատարելագործման ոլորտում, այդ թվում` պետական համակարգում հակակոռուպցիոն կառուցակարգերի ներդրման և իրականացման ձևով: Սերժ Սարգսյանի խոսքով, այս գործընթացի տրամաբանական շարունակությունը հանդիսացավ 2011 թվականին ընդունված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի ելակետային պահանջներից մեկն էլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծումն է: «Հանձնաժողովի գործունեության արդյունքներն ըստ էության պետք է դառնան կոռուպցիայի կանխարգելման համար համակարգային փոփոխությունների, կոռուպցիոն գործելակերպի դեմ պայքարի ավելի լավ հնարավորությունների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ սոցիալական մոտեցումներն ու վարքագիծը փոխելու չափանիշներ»,- ընդգծել է Նախագահը:

Հանձնաժողովի գործունեության տիրույթը, ըստ Նախագահի, ներառելու է բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի վերլուծությունը և հրապարակումը, շահերի բախման դեպքերի և էթիկայի կանոնների խախտումների հայտնաբերումը, էթիկայի կանոնների խախտումների մասին կոնկրետ տեղեկատվության հրապարակումը և այլ գործառույթներ: Նախագահը համոզվածություն է հայտնել, որ հանձնաժողովի ստեղծմամբ դրվում են այն ինստիտուցիոնալ կառույցի հիմնաքարերը, որոնք պետք է Հայաստանը դարձնեն ավելի լավ երկիր: