Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են 2004 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների համագործակցության ծրագիրը: Ինչպես լրագրողներին է հայտնել Ս.Իվանովը, փաստաթուղթը նախատեսում է գործնական միջոցառումներ, մասնավորապես, զինծառայողների ուսուցման ոլորտում: Ստորագրվել է նաեւ երկու փաստաթուղթ Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի տեղաբաշխմանը վերաբերող պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին: Ռուս նախարարի խոսքերով, դրանք կոչված են ռուս զինծառայողների կենցաղը հայկական հողում դարձնել «ավելի հարմարավետ»: Մասնավորապես, փաստաթղթի համաձայն, սկսած 2004 թվականից ռուսական ռազմակայանի բոլոր կոմունալ ծախսերը կկատարի հայկական կողմը:





