Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, երկօրյա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի իր գերմանացի գործընկեր Յոշկա Ֆիշերի, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Բերնդ Մյուտցելբուրգի հետ: Բեռլինում Վ.Օսկանյանը կմասնակցի «Հարավային Կովկաս. Քաղաքական մարտահրավերներ եւ զարգացման հեռանկարներ» միջազգային կոնֆերանսին: Համաժողովին կմասնակցեն Հարավային Կովկասի երեք պետությունների ԱԳ նախարարները, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի կառավարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ գիտնականներ եւ փորձագետներ:





