Եվրոպական հանձնաժողովի այս շաբաթ ներկայացրած «Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Թուրքիայի առաջընթացի մասին» զեկույցում շատ քիչ է քննադատությունը: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը: Հանձնախմբի ղեկավարության կարծիքով` չնայած զեկույցում նշվում են խոչընդոտները, որոնց հանդիպում են Թուրքիայում ոչ մահմեդական փոքրամասնությունները, սակայն լռվում է հայ համայնքի նկատմամբ խտրականության փաստը: Զեկույցում ասվում է այն վտանգի մասին, որը մշտապես սպառնում է հույն-ուղղափառ, կաթոլիկ եւ բողոքական փոքրամասնությունների սեփականությանը, սակայն չի հիշատակվում Հայ առաքելական փոքրամասնության դեմ ձեռնարկվող գործողությունների մասին: Եվրահանձնաժողովը մինիմալացնում է նաեւ շարունակվող հակահայկական քաղաքականությունը, որն ուղղված է անցյալ դարի սկզբին Օսմանյան Կայսրությունում ցեղասպանություն ապրած մարդկանց ժառանգների դեմ: Բացի այդ, զեկույցում հիշատակելով բողոքները` դպրոցական ծրագրի միջոցով ազգային փոքրամասնությունների նկատմամբ թշնամության հրահրման կապակցությամբ, չի նշվում Թուրքիայի լուսավորության նախարարության հրամանի ոչ մի կոնկրետացում հայերին, պոնտիացի հույներին եւ ասորիներին վերաբերող պատմական իրադարձությունները հերքելու թեմայով գիտաժողովների եւ շարադրությունների մրցույթների անցկացման մասին:





