«Հայկական ժամանակի» աղբյուրները հայտնում են, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև մրցակցություն է սկսվել, թե ով կհաջողացնի գնել Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանի այն հատվածը, որը վրացի սեփականատերը ցանկանում է վաճառել թուրքերին:
Կոալիցիոն գործընկերները հաշվարկել են, որ Թումանյանի բնակարանի ազատագրումը օտարեկրյա սեփականատիրոջ ճիրաններից և դրա վերահայկականացումը նախընտրական լավ PR ակցիա կլինի, և ըստ լուրերի՝ այս օրերին վրացի սեփականատիրոջ հետ բանակցությունների մեջ են ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչները:
90-ականներին Թբիլիսիի քաղաքապետարանը անբարոյական գործարք կնքեց ոմն մի գործարարի հետ, որի համաձայն վերջինիս քաղաք ներկրված բենզինի դիմաց փոխանցվում էին մի քանի հանրային գրադարաններ, այդ թվում նաև Հովհաննես Թումանյանի անվան գրադարանը, որը զբաղեցնում է նրա թբիլիսյան բնակարանի մի մասը: Բազմամյա դատական քաշքշուկն ավարտվեց գործարարի հաղթանակով: Այժմ տարածքում ինտենսիվ վերանորոգում է ընթանում:
Ըստ Թաթևոսովի, որպես միակ գնորդ հանդես է գալիս համատեղ վրաց-թուրքական GeoTuran ընկերությունը, որը գնում է պատմական նշանակության բնակարանը, որը հայ գրականության հանճարի ընտանիքը նվիրաբերել էր քաղաքին 30-ական թվականներին՝ նրա անվան գրադարան հիմնելու համար; Ընկերությունը նախատեսում է «վերակառուցելով շենքը, վերածել այն թուրք բանվորների համար նախատեսված հանրակացարանի»:
«Ընկերության ղեկավարը, մտադիր լինելով ձեռք բերել նաև բնակարանի մյուս կեսը, դիմել է նման առաջարկով բանաստեղծի ծոռնուհի Ալյոնա Կոլեսնիկովային, սակայն նրա առաջարկը մերժվել է»,-նշում է հանրային գործիչը:
Թբիլիսի է մեկնել մշակույթի նախարարության պատվիրակությունը տեղում հարցը կարգավորելու համար: Վերջին օրերին խնդիրը գտնվում է Հայաստանի կառավարության ուշադության կենտրոնում:





