Նոյեմբերի 17-18-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ռումինիա կատարելիք պաշտոնական այցին առնչվող հարցեր են այսօր քննարկվել Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպան Նիկոլաե Իորդակեի եւ Հայաստանի փոխարտգործնախարար Թաթուլ Մարգարյանի հանդիպման ընթացքում: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, նշվել է, որ տվյալ այցը լուրջ խթան կարող է հանդիսանալ երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար: Ինչպես իր հերթին հայտնել են Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների Միությունում (ԱԳՄ), այցի շրջանակներում նույն օրերին Բուխարեստում կանցկացվեն հայ-ռումինական գործարար համաժողով եւ հայկական ապրանքների ցուցահանդես: Հայ գործարարների պատվիրակության կազմում կընդգրկվեն նաեւ Լեռնային Ղարաբաղի ԱԳՄ ներկայացուցիչներ:





