Երևանում աշխատանքն է սկսել «Փակ սահմանների կարգավորումն արդի միջազգային իրավունքում» խորագրով խորհրդաժողովը: Բացելով խորհրդաժողովը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ գոհունակություն հայտնեց նրա կազմակերպիչների՝ «Միջազգային և համեմատական իրավունք» ՀԿ-ին, նշելով, որ նրանք շատ ակտուալ թեմաներ են ընտրում իրենց խորհրդաժողովների համար՝ ցեղասպանության, փակ սահմանների, ԼՂ հիմնախնդրի հետ կապված իրավական հարցերը: Վարչապետը նաև հավելել է, որ «հարկավոր է ստեղծել երիտասարդության շրջանում այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի հետազոտություններին»: Նա նշել է, որ սերնդափոխությունը կարևոր է նաև գիտության մեջ և որ երիտասարդությունն, ունենալով նոր մտածողություն, կարող է նորովի լուծումներ տալ հին խնդիրներին:
ՀՀ արդարադատության փոխնախարար, ի.գ.թ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել է, որ խորհրդաժողովի նպատակն է արդի խնդիրների քննարկումն իրավական տեսակետից: Նա նշել է, որ այդ առումով փակ սահմանների թեման շատ ակտուալ է ժամանակակից աշխարհում, և ոչ միայն Հայաստանի համար:
Իր հերթին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ միջազգային իրավունքն այն այն ոլորտն է, որը եկար ժամանակ պահանջված չէր Հայաստանում, սակայն անկախացումից հետո այն դարձավ շատ պահանջված: Նա նշել է, որ իրավունքի այդ ոլորտը թույլ կտա Հայաստանին պաշտպանել սեփական շահերը:
Նախարարը պատրաստակամություն է հայտնել համագործակցել խորհրդաժողովի մասնակիցների հետ, ինչպես նաև առաջարկել է կազմակերպիչներին թարգմանել խորհրդաժողովի նյութերն անգլերեն, որպեսզի դրանք հայտնի դառնան նաև աշխարհին:





