Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանի հետ: Քաղաքապետարանից հայտնում են, որ կարևորելով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը և երկկողմ գործընկերային կապերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև ձևավորվել է համագործակցության տևական փորձ, որը պետք է ավելի ընդլայնել ու ամրացնել գործնական ծրագրերի միջոցով:
«Երևանի քաղաքապետարանը համագործակցում է Սպահանի, Շիրազի, Թավրիզի, Թեհրանի քաղաքապետարանների հետ: Մենք պատրաստ ենք համագործակցել և համատեղ ծրագրեր քննարկել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների հետ կապված՝ դրանով իսկ նպաստելով բարեկամական և համագործակային կապերի ամրապնդմանը Երևանի և Իրանի տարբեր քաղաքների միջև» ,-նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն ընդգծել է համագործակցության փորձը կանաչապատման ոլորտում և հույս հայտնել, որ ընթացիկ տարում այդ համագործակցությանը կշարունակվի:
Դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը, կարևորելով զբոսաշրջության առկա ներուժն ու զարգացման հնարավորությունները, առաջարկել է գործակցության կոնկրետ ծարգրեր քննարկել, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել իր կողմից աջակցել ու օժանդակել երկուստեք կապերի զարգացմանը:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ աշխատանքային խումբ ձևավորել և քննարկել հետագա համագործակցության հետ կապված հարցեր:





