AM
25 Հունվար 2012 - 12:31 AMT

Հանցավոր խումբը 6 բանկերի բանկոմատներից գողացել է 77 517 000 ՀՀ դրամ

Դատարանն ապացուցված է համարել կազմակերպված խմբի կազմում Ռումինիայի քաղաքացի Ադի Իոան Բլագայի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի գաղտնի հափշտակության` գողության, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:

Նախաքննությամբ պարզվել էր, որ 2008թ. հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի տարածքում գործել են բանկային կեղծ քարտերով բանկոմատներից գումարների գողությամբ զբաղվող 2 կազմակերպված խմբեր` հիմնականում ձևավորված Լոնդոնում բնակվող Ռումինիայի քաղաքացիներից, որոնց գործունեությունը ղեկավարել են Մարիուս Լուպուն և Կոռնել-Կոնստանտին Ստենգաչուն:

Ստենգաչուի կազմակերպած և ղեկավարած հանցավոր խումբը 2008թ. օգոտսոսի 18-ից մինչև 27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գործող թվով 6 բանկերի պատկանող տարբեր բանկոմատներից գողացել է ընդհանուր առմամբ 77 517 000 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումար:

Դատարանում հիմնավորված ապացույցների համաձայն` Ռումինիայի քաղաքացի Ադի Իոան Բլագան ընդգրկվել է Կոռնել Կոնստանտին Ստենգաչուի կողմից ձևավորված հանցավոր խմբի կազմում և բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների միջոցով բանկոմատներից գումարներ հափշտակել:

Իրավապահ մարմինների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Շտուտգարտ քաղաքի օդանավակայանում Ադի Իոան Բլագան 2010թ. մայիսի 25-ին հայտնաբերվել, կալանավորվել է և ՀՀ գլխավոր դատախազության պահանջով 2011թ. հունվարի 25-ին էտապավորվել ու հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին:

Ադի Իոան Բլագայի հայտնաբերման և կալանավորման կապակցությամբ 2011թ. հունվարի 25-ին քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով(գողություն) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը):