AM
26 Հունվար 2012 - 05:25 AMT

Հունվարի 26-ին Քարինտակում ջախջախվեց ադրբեջանական գումարտակը, ինչպես նաև հիմնադրվեց Սիդնեյը

Այսօր հունվարի 26-ն է, տարվա 26-րդ օրը: Այսօր 1808 թ-ից սկսած նշվում է Ավստրալիայի օրը, Հնդկաստանում Հնդկաստանի Հանրապետության, իսկ Ուգանդայում` Ազատության օրը: 1921 թ-ին միջազգայնորեն ճանաչվեց Լատվիայի անկախությունը:

1788 թ-ին հիմնադրվել է Ավստրալիայի խոշորագույն քաղաքներից մեկը` Սիդնեյը: 1939 թ-ին այս օրը Վաշինգթոնում տեսական ֆիզիկայի վերաբերյալ գիտաժողովում Նիլս Բորը հայտարարեց ուրանի տրոհման հայտնագործման մասին, իսկ ահա 2004 թ-ին Համիդ Կարզայը ստորագրեց Աֆղանստանի ներկայիս սահմանադրությունը:

Չմոռանալով նաև մեր երկրի պատմությանը, նշենք, որ 1992 թ-ի հունվարի 26-ին ադրբեջանական 179 հոգանոց գումարտակը Շուշիից իջավ դեպի Քարինտակ գյուղ, որտեղ մարտնչում էին 27 հայ մարտիկներ: Գրագետ կազմակերպված պաշտպանության շնորհիվ գումարտակը ջախջախվեց: Ադրբեջանական կողմից զոհվեց 79 զինվոր , վիրավորվեցին 40-ը, մնացածները խուճապահար փախուստի դիմեցին: Հայկական կողմից զոհվեցին 7 մարտիկներ: Նույն օրը` 1994 թ-ին ադրբեջանական բանակը կանգնեցվեց Ֆիզուլիի մոտակայքում:

Այս օրը ծնվել են «Սոնի» ընկերության հիմնադիր Ակիո Մորիտան, ամերիկացի դերասան Փոլ Նյումանը, ամերիկացի իրավապաշտպան Անջելա Դևիսը, ամերիկացի կիթառահար Էդվարդ Վան Հալենը: Այսօր իր ծննդյան օրն է նշում նաև ռուս հայտնի լրագրող Լեոնիդ Պարֆյոնովը: Նա հունվարի 26-ին դարձավ 52 տարեկան: Սպորտի սիրահարներին տեղեկացնենք, որ այսօր իրենց ծնունդն են նշում իսպաական «Ռեալ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ժոզե Մաուրինյոն և կանադացի հայտնի հոկեյիստ Ուեյն Գրեցկին:

Հունվարի 26-ը նաև մի շարք հայտնի մարդկանց մահվան տարելիցն է: Այս օրը մահացել են ֆրանսիացի գեղանկարիչ Ժան Լուի Անդրե Թեոդոր Ժերիկոն, իտալացի կոմպոզիտոր Չեզարե Պունյին, բեյսբոլի հիմնադիր Էբներ Դաբլդեյը, գենետիկ Նիկոլայ Վավիլովը, ինչպես նաև «Ռիգլի» ծամոնի ֆիրմայի հիմնադիր Ուիլյամ Ռիգլին: