ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայկական բանակի 20-ամյա հոբելյանի Առթիվ:
Նախարարի ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայկական բանակի 20-ամյա պայծառ հոբելյանի առթիվ, տոն, որ նշում ենք ազգովի ու հպարտությամբ, ոգևորված ու սիրով, քանի որ մեզ պարգևած ազատությունն ու անկախությունը հայ գեներալի ու զինվորի անդուլ մաքառումների, պայքարի արդյունքն է:
Քսան տարի շարունակ մենք կարողացել ենք զարգանալ, առաջ ընթանալ, միջազգայնորեն ճանաչում ստանալ, քանի որ մեր սահմաններն ապահով են:
Հայ զինվորը մշտապես պաշտպանում է իր հայրենիքն ու հողը: Նրա մղած պայքարն արդար ու հայրենանվեր պայքար էր, որտեղ նա հաղթանակ տարավ: Կարծում եմ` ցանկացած պահի մեր բանակը կարող է հակահարված տալ ամեն մի ոսոխի, որովհետև մեր ոգին, մեր ուժը, մեր կամքը հզոր է, որովհետև մեր զինվորների երակներում Մեծն Հայկի, Վարդանի, մեր հայ ֆիդայինների բազկի գենն է նստած, որովհետև մեր զինվորները Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի մեր հերոսամարտերը հաղթած զինվորների հետնորդներն են:
Այսօր ես դիմում եմ նախ և առաջ հայոց մայրերին, մեր փափկասուն և սիրելի կանանց, հայ ընտանիքի սյուններին: Սիրե՛լի մայրեր, շնորհակալ ենք ձեզ, շնորհակալ ենք, որ դուք նման որդիներ եք ծնել ու դաստիարակել, որոնց մի մասն ընկավ հանուն Հայրենիքի, հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության, և այսօր Եռաբլուրում մենք խոնարհում ենք մեր գլուխներն այդ արծիվների, այդ հզոր և կարող տղաների հիշատակի առջև, ովքեր մահով անմահացան, ովքեր տվեցին իրենց կյանքը` հանուն Հայաստանի, հանուն Արցախ աշխարհի:
Ուզում եմ իմ շնորհակալական խոսքն ուղղել Սփյուռքից եկած և հայկական բանակում մարտնչած տղաներին, ովքեր կարողացան թողնել իրենց տաքուկ անկյունը, ովքեր իրենց խաղաղ կյանքը փոխարինեցին խրամատներով, ովքեր եկան, զենք վերցրին և Հայաստանի, Արցախի որդիների հետ միասին պաշտպանեցին մեր հայրենի հողը: Նրանցից մի մասն էլ ընկավ, հերոսացավ Մայր Հայրենիքի, Մայր Հայաստանի համար. փա՛ռք ու պատի՛վ նրանց:
Ուզում եմ նաև խոսքս ուղղել մեր հրամանատարական կազմին, ովքեր այսօր իրենց օրինակով ու նվիրումով, իրենց գրագիտությամբ ու կազմակերպվածությամբ դաս և օրինակ են դարձել մեր զինվորների համար:
Մենք հավատում ենք ձեզ, հպարտ ենք ձեզանով, սիրե՛լի զինվորներ, սպանե՛ր, գեներալնե՛ր, հրամանատարնե՛ր և հավատում, որ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի խաղաղությունը, կայունությունը նախ և առաջ պայմանավորված է նաև հայոց հզոր, ուժեղ, կարող բանակով:
Թող մեր բանակը շարունակի զարգացնել իր կարողություններն ու հմտությունները, թող ուժն ու տոկունությունը, կամքն ու կողմնորոշումը միշտ ուղեկցնեն մեր զինվորներին, և նրանք միշտ անձնվիրաբար ծառայեն մեր երկրին, մեր պետությանը: Փա՛ռք Հայկական բանակին, որն առաջացել է տասնամյակներում և, վստահ եմ, կշարունակի բարձրացնել իր մարտունակությունը` մնալով տարածաշրջանի հզորագույն բանակը»:





