Հունվարի 27-ին`«Բըրնսի ընթրիք» միջոցառման նախօրեին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի Խանջյան դահլիճում շոտլանդական պարկապզուկի ուրույն երաժշտության ներքո Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին հանդիսավոր կերպով հանձնվեց «հագիս» ուտեստը:
Լիչին իր ելույթի ժամանակ ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է Երևանում ընդունել հագիսը որպես Մեծ Բրիտանիայի դեսպան, որը եկել է Շոտլանդիայից»:
«Հագիսը» պատրաստվում է ոչխարի ներքին օրգաններից և լցոնվում ստամոքսի մեջ: Այն այդպես եփվում է մի քանի ժամ: Շոտլանդիայում կազմակերպվում է ինչպես «հագիս» ուտելու, այնպես էլ նետելու մրցույթներ:
Հայաստանում Բըրնսի ընթրիքը կազմակերպվում է 14-րդ անգամ:
Ընթրիքի նպատակը ոչ միայն ներկաներին ուրախ ժամանց պարգևելն է , այլև բարեգործական նպատակներով գումար հավաքագրելը: Բըրնսի ընթրիքը շոտլանդացիների համար ազգային տոն է և ամեն տարի հունվարի վերջին նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Ընթրիքի առանցքը շոտլանդական յուրահատուկ «հագիս» ուտեստն է, որը ավանդաբար Շոտլանդիայից Հայաստան է ժամանում Բըրնսի ընթրիքից մի քանի օր առաջ՝ հագիս պատրաստող խոհարարի և շոտլանդացի պարկապզուկահարի ուղեկցությամբ:
Անցյալ տարի Բըրնսի ընթրիքի ընթացքում հավաքագրվեց 27 000 ԱՄՆ դոլարին համարժեք հանգանակություն, որոն ուղղվեց տարբեր բարեգործական ծրագրերի:
Հայաստանում Բըրնսի ընթրիքի կազմակերպիչներն են Հայ-բրիտանական գործարարության պալատը (ABBC, www.abbc.am) և Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Միջոցառման հիմնական հովանավորներն են bmi ավիաուղիները, HSBC բանկը, Pernod Ricard Armenia ընկերությունը, ինչպես նաև Գաֆեսճյան արվեստի կենտրոնը:





