Այս տարի հունվարի 30-ին սկսվում է միայն Հայ Առաքելական եկեղեցուն հատուկ Առաջավորաց պահքը: Այն տևում է հինգ օր` այս տարի մինչև փետրվարի 3-ը ներառյալ:
Արարատյան Հայրապետական թեմից հաղորդում են, որ ըստ ավանդության, Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսին ու Նրա հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել:
Այդ հինգ օրերին ժողովուրդն իր արքայով հանդերձ ոչ միայն իրեն զրկել էր կերակուրներից, այլ ինչպես պահանջում է իսկական և Աստծու կողմից ընդունելի պահքը, մեծապես զղջում էր իր նախկին հեթանոսական, անբարո կյանքի և բոլոր տեսակ մեղքերի համար։
Այսպես հաստատվեց Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը` Հայ Աոաքելական Եկեղեցու առաջին պահքը, որով և հիմնականում բացատրվում է նրա անունը:





