Հունվարի 30-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ շուրջ 300 երիտասարդներ և ուսանողներ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը հայրենիքի համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Այցը նվիրված էր ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին, տեղեկացնում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից։
Միջոցառման ընթացքում մասնակիցները ծաղիկներ դրեցին բոլոր հերոսների շիրմաքարերին՝ խոնարհվելով նրանց հիշատակի առջև։ Երիտասարդները պանթեոնում կատարեցին նաև հայրենասիրական երգեր։
Կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված լայնամասշտաբ միջոցառումներ, որոնք կիրականացվեն ամբողջ տարվա ընթացքում։
«Ծրագրերի շրջանակներում կլինեն երիտասարդների այցելություններ «Եռաբլուր» պանթեոն, որոնց շարքը մեկնարկել է բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի հետ համատեղ այս միջոցառմամբ։ Մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ չկա և ոչ մի երկիր, որ 20 տարիների ընթացքում կարողանա ձևավորել այսքան հզոր, կարգապահ ու կայացած բանակ։ Մենք հպարտ ենք, որ ունենք հաղթանակած և տարածաշրջանում ամենամարտունակ բանակը»,- նշեց Կարեն Ավագյանը։





