AM
15 Հոկտեմբեր 2003 - 19:10 AMT

«ԴՈԼԱՐԻԶԱՑԻԱՆ» ԽՈՑԵԼԻ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Հայաստանում դոլարի գործածության բարձր մակարդակը խոցելի է դարձնում հանրապետության տնտեսությունը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչ Ջեյմս Մակհյուն: Նրա խոսքերով` «դոլարիզացիան» կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա այն առումով, որ նրա առեւտրային գործընկերներն են նաեւ Եվրամիության երկրները: Այդ հանգամանքը կարող է ազդել նաեւ դրամի փոխարժեքի վրա, ավելացրել է Մակհյուն: Մինչդեռ, նրա խոսքերով, Հայաստանի կառավարությունը եւ Կենտրոնական բանկը լավ են աշխատել սղաճը համեմատաբար ցածր մակարդակում պահպանելու ուղղությամբ: ԱՄՀ ներկայացուցիչը նշել է, որ այդ կայունությունը ձեռք է բերվել ոչ միայն ԱՄՀ արտոնյալ վարկերի, այլեւ հանրապետության իշխանությունների արդյունավետ գործողությունների շնորհիվ: «Այդ առումով երկրի ազգային արժույթի փոխարժեքը կայուն է, եւ ես համոզված եմ, որ այդ կայունությունը կպահպանվի», – ասել է Մակհյուն: