Ուջանի բնակիչներն իրենց հողի համար փոխհատուցում կստանան շուկայականից առնվազն 50 տոկոս ավելի բարձր սակագներով և նրանք անհանգստանալու առիթ չունեն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակում Ուջանի բնակիչներին հասանելիք փոխհատուցման հարցին և նրանց դժգոհություններին, ասաց տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը։ «Գնահատումն իրականացվելու է Ասիական բանկի գնահատման պահանջների համաձայն։ Հաշվի են առնվելու ընտանիքի սոցիալական վիճակը, ընտանիքի անդամների քանակը, ովքեր են աշխատում, ապահովված են, թե՝ ոչ, և այլ հարցեր»:
Նախարարը նշեց, որ ոչ ոք դեռ փոխահատուցում չի ստացել, քանի որ դա կապված է երկարատև աշխատանքների հետ։
«Պետական համայնքային կարիքներ սահմանելուց հետո կառավարության կողմից սկսվում է գույքի չափագրումները, հաշվառումը, հետո համաձայնեցվում է սեփականատիրոջ հետ։ Դրանից հետո սկսվում են գնահատման աշխատանքները, որ իրականացնում է մասնավոր ընկերությունը։ Գնահատման վերջնական աշխատանքները կիրականացվեն, երբ վերջնական ծրագիրը կկազմվի և կուղարկվի Ասիական բանկ և այնտեղ կհամաձայնեցվի»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ գործընթացը դեռևս ընթացքի մեջ է. «Խորհրդակցություններ են անցկացվել համայնքի ղեկավարների հետ, կա մշտական կապ բնակիչների հետ»։
Բանախոսը նշեց, որ գնահատումներն իրականացնում են մրցութային կարգով ընտրված և հավատարմագրված մի քանի ընկերություններ, և եթե նրանց գնահատականը նույնն է, այն հաստատվում է։ Իսկ անահամաձայնությունների դեպքում հարցի լուծումը կտրվի դատական կարգով։





