AM
1 Փետրվար 2012 - 10:36 AMT

Տարոն Մարգարյանը ծանոթացել է Ջի-Այ-Զեթ-ի առաքելության հիմնական նպատակներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության`Ջի-Այ-Զեթ-ի «Համայնքների զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի պլանավորման առաքելության խմբի անդամների հետ: Քաղաքապետարանից հայտնում են, որ խմբի ղեկավար Այքե Ֆաթերը ներկայացրել է Ջի-Այ-Զեթ-ի առաքելության նպատակներն ու ուղղությունները, ինչպես նաև Երևանի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով Ջի-Այ-Զեթ-ի հետ համագործակցությունը, նշել է, որ համատեղ ծրագրերի իրականացումը արդյունավետ կլինի համայնքային ծառայությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման առումով:

«Երևանի քաղաքապետարանը շահագրգռված է ընդլայնել և զարգացնել համագործակցությունը` երկկողմ կապեր հաստատելով գերմանական քաղաքների հետ: Մենք հետաքրքրված ենք գործընկերային հարաբերություններ ձևավորել և փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել ենթակառուցվածքների բարելավման, քաղաքացիների սպասարկման ու կառավարման համակարգի ոլորտներում»,-նշել է Տարոն Մարգարյանը`իր պատրաստակամությունը հայտնելով աջակցել նախանշված աշխատանքներում և ներկայացնել ծրագրային կոնկրետ առաջարկներ:

Կողմերը պայմանավորվել են նաև ձևավորել համատեղ աշխատանքային խումբ համագործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու նպատակով: