Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասին: Քաղաքապետարանից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ-լիտվական հարաբերությունները և կարևորել է համագործակցության զարգացման հեռանկարները:
Քաղաքապետը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքի զարգացման հիմնական ուղղությունները և առաջարկել երկուստեք ընդլայնելով կապերը՝ տեղական ինքնակառավարման մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ հարցերում ակնկալելով դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությունը:
Դեսպանն իր հերթին հայտնել է, որ լիտվացի գործարարները հետաքրքրված են Երևանի բիզնես միջավայրիով և առաջարկել է կազմակերպել փոխայցելություններ ու ծրագրային քննարկումներ: Գեդրիուս Ապուոկասը ընդգծել է, որ գործակցության հաջողված օրինակներ արդեն կան և դրանք պետք է զարգացնել: Անդրադառնալով մշակութային ոլորտում համագործակցության ընդլայնմանը՝ դեսպանը նշել է ծրագրերի այն շրջանակը, որտեղ համագործակցության հեռանկարներ կան:
Քաղաքապետը նշել է, որ իրենք պատրաստ են լիտվացի գործարարներին բիզնես առաջարկությունների փաթեթ ներկայացնել, որը համապատասխան կլինի նրանց հետաքրքրություններին:





