Գլենդելի Իրանահայ միության դահլիճում հունվարի 31-ին կայացել է Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության նախաձեռնությամբ կազմակերպված գնահատանքի և մեծարման ամենամյա երեկոն: Սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում գնահատանքի են արժանացել և մեծարվել կրթական կազմի վաստակաշատ նվիրյալները, համայնքում բեղմնավոր գործունեություն ծավալող կրթական հաստատությունները, ինչպես նաև կրթական գործունեությանը սատարող և հովանավորող անհատներն ու կազմակերպությունները:
Հաշվի առնելով ուծացման վտանգի դեմ ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ նախարար Հրանուշ Հակոբյանի ծավալած գործունեութունն, ինչպես նաև նախարարության կատարած հսկայածավալ աշխատանքներն` ուղղված սփյուռքահայ երիտասարդների Հայրենիքի հետ կապի ամրապնդմանն ու հայեցի դաստիարակությանը` Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության վարչության որոշմամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը ճանաչվել է «Տարվա կազմակերպություն»:
Գլենդելի կրթաշրջանում երկարամյա բեղուն մանկավարժական գործունեության և վաստակի համար Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության վարչության կողմից Քաթրին Ֆունդուկյան-Թորոսյանը ճանաչվել է «Տարվա կրթական գործիչ»:





