AM
1 Փետրվար 2012 - 12:31 AMT

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն առաջին անգամ Սպիտակ ցուցակ է հրապարակել

2011թ.-ից Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր տարեկան Սև ցուցակին զուգահեռ սկսել է հրապարակել նաև տարեկան Սպիտակ ցուցակ: ԻԱԿ –ից հայտնում են, որ բոլոր այն գերատեսչությունները, որոնք եռամսյակային Սև ցուցակներում հայտնվելուց հետո վերանայում են տեղեկատվության ազատության ոլորտում իրենց գործունեությունը և բարեփոխումներ իրականացնում տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով, այլևս չեն ընդգրկվում տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյաների տարեկան ամփոփ Սև ցուցակում, այլ ընդգրկվում են ԻԱԿ-ի ամենամյա Սպիտակ ցուցակում:

2011-ի Սպիտակ ցուցակում հայտնվել է ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, քանի որ Սև ցուցակում հայտնվելուց հետո նախարարությունը պատասխանել է խնդրո առարկա հրացմանը և նախարարության այն աշխատակիցը, ում մեղքով կառույցը հայտնվել էր եռամսյակային Սև ցուցակում, նկատողություն էր ստացել։

Սպիտակ ցուցակում է հայտնվել նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը։ Նա 2011 հայտնվել էր Սև ցուցակում, քանի որ անպատասխան էր թողել ԻԱԿ-ի հարցումը և հրաժարվել ներկայացնել Ստեփանավանի ավագանու այն որոշման պատճենը, որով ավագանին սահմանել էր քաղաքապետարանի կողմից տրամադրվող տեղեկատվության տրամադրման վճարի չափը`1 էջի համար 500 ՀՀ դրամ։ Ցուցակում հայտնվելուց հետո Ստեփանավանի քաղաքապետարանի ավագանին իր իսկ նախաձեռնությամբ ուժը կորցրած էր ճանաչել ավագանու վերոնշյալ որոշումը, իսկ ԻԱԿ-ի հարցմանը տրամադրել էր լիարժեք պատասխան:

ԻԱԿ-ի 2011թվ-ի Սև ցուցակում հայտնվել են այն անձիք, ովքեր խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը 2011թ. ընթացքում: Ցուցակում հայտնվել են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը և այլն։