Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովն այսօրվա նիստում փետրվարի 15-ին 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ լսումներ անցկացնելու մասին որոշում է ընդունել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Հայաստանի Ազգային ժողովը բաղկացած է 131 պատգամավորից, որոնցից 41-ը ընտրվում է մեծամասնական, իսկ 90-ը՝ համամասնական ընտրակարգով:
Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները 2011թ. դեկտեմբերի 27-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով իշխանություններին հրաժարվել մեծամասնական ընտրակարգից և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Առաջարկին սատարեցին Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ՀԱԿ-ը հաղորդեց նաև, որ այդ գաղափարին աջակցելու համար ծրագրում է խորհրդարանում համամասնական ընտրակարգին անցնելու հարցի քննարկման օրերին հանրահավաքներ անցկացնել:
Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդդիմադիր ՀՅ Դաշնակցության ու «Ժառանգության» հետ միասին դիմել է ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին ու ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին՝ խնդրելով խորհրդարանական լսումներ կազմակերպել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ:





