Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ծրագրում է խորհրդարանական ընտրություններում իր թեկնածուներին առաջադրել գրեթե բոլոր մեծամասնական շրջաններում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀԱԿ-ի անդամ, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ Արամ Մանուկյանը, «դրանք պետք է լինեն ընդունելի և հայտնի մարդիկ»:
Մանուկյանի խոսքով` այդպիսին է եղել համընդհանուր մոտեցումը ՀԱԿ-ի Քաղխորհրդի կայացած նիստում, որի ժամանակ Կոնգրեսի մեջ մտնող կուսակցությունները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկներն այդ հարցի վերաբերյալ: Նա հավելել է, որ այդ հարցի քննարկումը կշարունակվի նաև ՀԱԿ-ի հաջորդ նիստում, որը տեղի կունենա հաջորդ չորեքշաբթի:





