Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բնապահպանական խնդիրը դուրս է եկել Հայաստանի սահմաններից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց բնապահպան Եղիա Ներսեսյանը՝ ներկայացնելով իրենց կատարած այցերը Ռուսաստան և Գերմանիա։
«Մեր մոսկովյան հանդիպման ժամանակ անսպասելի եկավ Vallex Group-ի ներկայացուցիչը և ցանկություն հայտնեց ինքն էլ իր տեսակետը ներկայացնելու դահլիճին։ Սակայն դահլիճը հրաժարվեց նրան լսել։ Հավաքվածներն ասացին, որ ցանկություն չունեն Vallex Group-ի տեսակետին ծանոթանալու»,-պատմեց բնապահպանը՝ հավելելով, որ Ռուսաստանն ու Գերմանիան միայն սկիզբն են։ Իրենք պատրաստավում են այցելել նաև Կանադա, Ֆրանսիա, Ամերիկա և խնդիրը ներկայացնել նաև այնտեղի հայությանը, քանի որ Թեղուտի խնդիրը պետք է լուծեն ողջ աշխարհի հայերը։
Անդրադառնալով այդ այցերի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին և հովանավորներին, Եղիա Ներսեսյանը նշեց. «Մեր ուժը նրանում է, որ մեր հետևում փողեր չկան։ Եթե մեզանից յուրաքանչյուրը դնի 10 000 դրամ տոմսի արժեքը կլրանա»։
«Փրկենք Թեղուտը» բնապահպանական խմբի մեկ այլ ներկայացուցիչ Գոռ Հակոբյանը նշեց, որ իրենց պայքարը ոչ թե Vallex Group-ի դեմ է, այլ ՀՀ կառավարության, քանի որ հենց կառավարությունն է թույլ տվել Թեղուտում հանք շահագործել. «Թեղուտ նշանակում է Հայաստան։ Հարավում ունենք մեռյալ գոտի՝ Քաջարան, հյուսիսու՞մ էլ մի մեռյալ գոտի ունենանք»։





