2011 թվականին 435 անչափահասների կողմից Հայաստանում իրականացվել է 527 հանցագործություն, 2010-ի հետ համեմատած` այս թիվը աճել է 18-ով: Անչափահասների գաղությում գտվում են 30-ը` առավել ծանր հանցագործություններ կատարելու համար, մյուսների նկատմամբ իրականացվում է այլընտրանքային պատիժ:
Փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
«2010 թվականին անչափահասների կողմից սպանության 3 դեպք է գրանցվել, իսկ 2011-ին, ի ուրախություն բոլորիս, նման դեպք չի եղել: 2010-ին անչափահասների նկատմամբ գրանցվել է թրաֆիկինգի 3 դեպք, իսկ 2011-ին այն աճել է երկուսով”»,- ընդգծել է Դուրյանը:
Նրա խոսքով, կրկնահանցագործությունների նվազում է նկատվում, դրան նպաստում են վերականգնողական համայնքային կենտրոնները, որտեղ անչափահասների հետ մշտական աշխատանքներ են տարվում:
«2010-ին սեռական հանցագործության 60 դեպք է գրանցվել, իսկ մեկ տարի անց` 54: Մուրացկանությամբ զբաղվելու համար 2010թ-ին հաշվառվել են 20 անչափահասներ, իսկ 2011-ին` 16-ը»,- շեշտել է ոստիկանության գնդապետը:
Ըստ նրա խոսքի, անչափահասները մուրացկանությամբ հատկապես զբաղվում են Երևանում, Գյումրիում և Վանաձորում:





