AM
4 Փետրվար 2012 - 10:27 AMT

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը պահանջում է անհապաղ ազատ արձակել Հայկ Գևորգյանին

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը տարածել է հայտարարություն, որում մի շարք հարցեր է առաջադրում. «Ինչպե՞ս ՀՀ պետական բյուջեից ահռելի միջոցներ խժռող ու մի քանի տասնյակ հազար աշխատակից ունեցող ոստիկանությունը չի կարողացել 10 օր շարունակ գտնել «հետախուզվող» Հայկ Գևորգյանին, ի՞նչ հիմքերով է հայտարարվել Հայկ Գևորգյանի հետախուզումը, երբ նրա գտնվելու վայրը հայտնի է եղել. նա ամեն օր աշխատանքի է գնալ նույն ավտոմեքենայով, ամեն օր հոդվածներ է հրապարակել թերթում և խմբագրել թերթը, հավատարմագրով ելումուտ է արել պետական հիմնարկներ և մասնակցել կառավարության նիտերին և ինչո՞ւ որևէ կարգավիճակով ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր չի ուղարկվել Հայկ Գևորգյանին»:

Հայտարարության մեջ նշվում է, որ իրենք հիմնավոր են համարում «Հայկական Ժամանակ» օրաթերթի թերթի խմբագրակազմի մտահոգություններն առ այն, որ օրաթերթի առաջատար լրագրողի նկատմամբ ոստիկանությունն իրականացնում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարում է, որ իր վերլուծական հոդվածներով իշխանություններին տարիներ շարունակ հիմնավոր կերպով քննադատած լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման հիմքերը շինծու են, նման են վրեժխնդրության և նպատակ ունեն այլ լրագրողների ահաբեկմամբ հերթական անգամ սահմանափակել խոսքի ազատությունը Հայաստանում:

«Մենք, միանալով ազատ լրագրողական հանրության պահանջներին, պահանջում ենք փոխել Հայկ Գևորգյանի խափանման միջոցը և անհապաղ ազատ արձակել նրան»,- նշված է հայտարարության մեջ:

2012թ. փետրվարի 3-ին ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը և տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ: Ոստիկանության պաշտոնական բացատրությունն այն է, թե Հայկ Գևորգյանը հունվարի 13-ին վրաերթ է կատարել, քաղաքացուն թողնել դեպքի վայրում, հեռացել տարածքից ու ոստիկանությունը 10 օր շարունակ որոնել է նրան: