Մոտ ապագայում Հայաստանի խորհրդարանը կքննարկի Կոսովոյում հունական խաղաղապահ գումարտակի կազմում հայկական դասակի տեղակայման մասին հայ-հունական հուշագրի վավերացման հարցը: Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի խոսքերով, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ներկայումս փաստաթուղթը քննարկվում է խորհրդարանի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովում: Նշենք, որ սեպտեմբերին Երեւանում ստորագրված հուշագրի համաձայն, 34 հայ զինծառայողից կազմված դասակը խաղաղապահ առաքելությամբ Կոսովո կմեկնի ենթադրաբար եկող տարվա հունվարին:





