2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը Հայաստանում անցկացված մարդահամարի ժամանակ հաշվեգրված բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 3.285.767 մարդ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:
«Առկա բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 2.871.509 մարդ, իսկ մշտական բնակչության թվաքանակը դեռ չկա, կստացվի 2012 թվականի հոկտեմբերին»,- ասաց բանախոսը:
Նա նաև նշեց, որ սխալների հավանականություն թեև կա, բայց շատ փոքր է. « Կան ռիսկեր, որ հաշվառողը անհրաժեշտ 3 անգամը չի այցելել ինչ-որ մեկի բնակարան, համ հարևանների միջողով չեն փորձել տեղեկություն հավաքել: Մենք դա հաշվի ենք առել»:
2011 թվականի մարդահամարի ժամանակ հաշվառման ենթակա են եղել Հայաստանի տարածքում գտնվող (մշտապես կամ ժամանակավորապես) բոլոր անձինք, ինչպես նաև ՀՀ-ում մշտապես բնակվող, բայց մարդահամարի հաշվառման պահին հանրապետությունից բացակայողները:





