AM
7 Փետրվար 2012 - 10:24 AMT

Հայկ Գևորգյանի կնոջ ու երեխաների նկատմամբ հետապնդումներ են եղել

Հայկ Գևորգյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով իր ձերբակալության մասին, պատմեց, որ հետապնդումներ են եղել իր կնոջ նկատմամբ. «Ինչ-որ «գոլդ» համարանիշով մեքենա է հետապնդել կնոջս, երբ նա խանութ է գնացել: Ինչ-որ ջիպ է եղել: Մակնիշը նշել չեմ կարող, քանի որ կինս չի տարբերում դրանք»:

Նա նաև նշեց, որ հենց նույն օրը ճշտել է, որ անհայտ անձինք հարևաններից փորձել են տեղեկություններ ճշտել իր երեխաների մասին:

«Մինչ օրս ինձ չեն վերադարձրել ձերբակալության ժամանակ վերցրած ձայնագրիչս, լուսանկարչական ապարատս, գրիչս, նույնիսկ՝ ակնոցս»- նշեց լրագրողը:

«Հայկական ժամանակ» թերթի խմբագիր 45-ամյա Հայկ Գևորգյանը ձերբակալվել էր փետրվարի 3-ի առավոտյան՝ վրաերթ կատարելու կասկածանքով: Երեկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է, և նա ազատվել է կալանքից: Այսպիսի որոշում է կայացրել քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը՝ որպես հիմք ընդունելով այն, որ Գևորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել և ունի մշտական բնակության վայր:

Ըստ դատախազության, բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը, և որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու մասին ստորագրությունը: