AM
27 Սեպտեմբեր 2003 - 14:52 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԵՌ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կդառնա մեր բանակցությունների վերջնական նպատակը, սակայն, մինչ այդ դեռ շատ աշխատանք է սպասվում: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլլա Գյուլի հետ հանդիպման արդյունքները Նյու Յորքում: «Ես դեռեւս հիմք չունեմ հավաստելու, որ մոտ ապագայում այդ առնչությամբ որեւէ լուրջ առաջընթաց տեղի կունենա»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, Վ. Օսկանյանն իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումը դրական է գնահատել, պարզաբանելով, որ նկատի ունի զուտ գործընթացը: «Ես կարծում եմ, որ, վերջիվերջո, մենք գտնվում ենք ճիշտ ճանապարհին` մեր երկկողմ հարաբերություններում դրական առաջընթացների արձանագրման տեսակետից»,- ասել է ՀՀ նախարարը: Վ. Օսկանյանի խոսքերով` Նյու Յորքում Աբդուլլա Գյուլի հետ հանդիպման ընթացքում շոշափվել են երկկողմ հարաբերությունները եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը` հատկապես Ադրբեջանում առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես, Իրաքի իրավիճակը եւ Թուրքիայի հնարավոր մասնակցությունը այնտեղ խաղաղարար գործողություններին, ինչպես նաեւ Միջին Արեւելքում ընթացող գործընթացները եւ դրանց ազդեցությունը Թուրքիայի ու տարածաշրջանի վրա ամբողջությամբ: