AM
26 Սեպտեմբեր 2003 - 19:01 AMT

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՀՀ) կարեւորագույն ծրագրերից մեկը` Լեռնային Ղարաբաղում Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունն է, որն անվանում են նաեւ «կյանքի ճանապարհ»: Ինչպես նշել է այսօր բացված ՀՀՀ հոգաբարձուների խորհրդի 12-րդ նիստում հիմնադրամի նախագահ Վահան Տեր-Ղեւոնդյանը, արդեն պատրաստ է շահագործման 165 կիլոմետրանոց ճանապարհի 40 կիլոմետրանոց հատվածը: Ներկայումս աշխատանքները ընթանում են 20 կիլոմետրանոց հատվածում: Ելույթ ունենալով հիմնադրամի կատարած աշխատանքի մասին, Վ. Տեր-Ղեւոնդյանը նշել է, որ 10 տարվա ընթացքում ՀՀՀ-ն Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրագործել է 200 ծրագիր, որոնց վրա ծախսվել է 75 մլն դոլար: Նրա խոսքերով` հիմնադրամին նվիրատվության հիմնական մասն ընկնում է Արեւելյան Ամերիկայի վրա: Միեւնույն ժամանակ, մեծ ակտիվություն են վերջերս ցուցաբերում Ֆրանսիայի, Անգլիայի, Կանադայի, Շվեդիայի եւ Ավստրալիայի հայ համայնքները, ինչպես նաեւ Հայաստանի ձեռներեցները: