Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շախսուվարյանը հերքել է ԶԼՄ-ների տեղեկատվությունները` ՀՀ պաշտպանական գերատեսչությունում նախատեսվող կադրային փոփոխությունների մասին: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, «Առավոտ» թերթի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: Նշենք, որ համաձայն այդ թերթի այսօրվա տեղեկատվության, ՀՀ Ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը պետք է ազատվի իր պաշտոնից եւ նշանակվի որպես ՀՀ նախագահի զինվորական հարցերով խորհրդական: Նրա պաշտոնը, գրում է թերթը, կզբաղեցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իսկ ԼՂՀ պաշտպանության նախարարության ղեկավար կդառնա հանրապետության ներկայիս գլխավոր շտաբի պետ կադրային սպա Մովսես Հակոբյանը:





