2011-ը Հայաստանի Զինված ուժերի պատմության մեջ ամենահաջող տարին էր կարգապահության ոլորտում և ողբերգական դեպքերի քանակի նվազեցման առումով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ամփոփելով 2011-ի արդյունքները:
Նրա խոսքով, այդ գործընթացը բացատրվում է ՊՆ գործողություններով՝ ուղղված կարգապահության բարձրացմանը, բանակում արտակարգ դեպքերը նվազագույնի հասցնելուն կամ արմատախիլ անելուն: Միաժամանակ նախարարը նշել է, որ այդ վիճակագրությունը չի հանգստացնում ՊՆ ղեկավարությանը և այն շարունակելու է այդ ուղղությամբ աշխատանքները:
Սեյրան Օհանյանը նաև նշել է, որ երեքուկես տարիների ընթացքում Զինված ուժերից ազատվել են 10 պաշտոնյաներ վարչությունների պետերի մակարդակում և զորամասերի շուրջ 30 հրամանատարներ: «Ցանկանում եմ նշել, որ նրանք ազատվել են, այլ ոչ թե տեղափոխվել այլ պաշտոնի»,- ասել է նախարարը:
Ինչ վերաբերվում է մահացած զինվորների ծնողների դժգոհությանը, ապա, նախարարի խոսքով, նա հասկանում է նրանց, սակայն նշել, որ գործի նույնիսկ ամենալավ հետաքննության դեպքում նրանք դժգոհ են լինելու և պահանջելու են առավելագույնը:





