AM
9 Փետրվար 2012 - 06:36 AMT

Վլադիմիր Գասպարյան. Մեր հասարակությունը արդարության դեֆիցիտ չի հանդուրժում

Փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր ոստիկանության և փաստաբանների պալատի միջև համագործակցության մասին:

Ոստիկանությունից հայտնում են, որ հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ և փաստաբանների պալատի ներկայացուցիչներ: Վլադիմիր Գասպարյանն ու Ռուբեն Սահակյանը ներկայացրել են ձեռնարկի շարժառիթները, խնդիրները և համագործակցության հեռանկարները:

Փոխըմբռնման հուշագիրը նախաձեռնվել և կյանքի է կոչվելու իրավունքի ոլորտի զարգացմանն ուղղված համագործակցության կատարելագործման, ոլորտում արդարության հաստատման և պատկան մարմինների հանդեպ հանրային վստահության ամրապնդման նպատակով:

Ռուբեն Սահակյանը բարձր գնահատելով ոստիկանության նախաձեռնությունը` նշել է, որ համագործակցությունը հնարավորություն կտա արագ արձագանքել իրավունքների սահմանափակումներին և վերացնել դրանք: Վլադիմիր Գասպարյանը Հուշագրի դրույթների կիրարկումը գնահատելով որպես քաղաքացիների, հասարակության հայացք` նշել է, որ փոխգործակցությունը բերելու է ոստիկանության գործունեության որակական փոփոխության: «Մեր հասարակությունը արդարության դեֆիցիտ չի հանդուրժում»,- ընդգծել է ոստիկանության պետը. «Իսկ երբ քննիչը, փաստաբանը արդարամիտ են և ծառայում են օրենքին, մենք ունենում ենք անուն, ինքնասիրություն և կարողանում ենք ուղիղ նայել միմյանց և քաղաքացու աչքերին»:

Հուշագրով նախատեսված են նորմատիվ իրավական ակտերի համատեղ մշակում ու ներկայացում իրավասու մարմիններին, արագ արձագանքման միջոցառումներ, վարքագծի կանոնների ապահովում, սեմինարներ, քննարկումներ, գրականության փոխանակում, դիտորդական առաքելության իրականացում: