AM
10 Փետրվար 2012 - 07:17 AMT

«Հրապարակ». Ենթասպան ինքնասպան է եղել վաշտի հրամանատարի բարդած պակասորդի պատճառով

Հունվարի 18-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում էսենցիա խմելու արդյունքում առաջացած թունավորումից մահացած ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, ենթասպա Վահան Ասլիկյանի գործով դեռևս ոչ մի կասկածյալ կամ ձերբակալված չկա: Մամուլն այդ օրերին միայն գրեց, որ Ասլիկյանն էսենցիա է խմել և ինքնասպան եղել, իսկ թե ինչ պատճառով և ինչ հանգամանքներում, պարզ չեղավ:

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Վահանն ինքնասպանության գնացել է զորամասում ունեցած հսկայական պակասորդի պատճառով, որը նրա վրա բարդել են վաշտի հրամանատարն ու ևս մեկ հոգի: Վահանի բարեկամների խոսքով, նա վաշտն ընդունել է պակասորդով: «Վահանին համոզել են, ասել են` պակասորդով ընդունի, մենք հետագայում կլրացնենք այդ պակասը: Հետո Վահանն ուզեցել է տեղափոխվել այլ ծառայության, սակայն նրան ասել են` ոնց ուզում ես, փակիր պակասորդը»,- պատմել է Վահանի բարեկամներից մեկը: