Եվրահանձնաժողովի «Մշակութային քաղաքականությունը անցումային շրջանում. երկխոսություն եւ նոր գործընկերություն» նախագծի շրջանակներում Անթալիայում ընթացող Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի նախարարների հանդիպմանը ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը «հաշտության կոչ է արել Անկարային»: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» թերթը, Կ.Արիստակեսյանը, մասնավորապես, նշել է. «Արդյո՞ք ժամանակը չէ իրար մերձենալու եւ միմյանց ճանաչելու համար»: Փոխնախարարն ընդգծել է, որ հանդես է գալիս բարիդրացիական հարաբերությունների զարգացման օգտին, որը դեռեւս հնարավոր է միայն մշակույթի ոլորտում: Աղբյուրի համաձայն, Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրքան Մումջուն գոհունակությամբ է ընդունել Հայաստանի ներկայացուցչի կոչը: Պատասխանելով Եվրահանձնաժողովի տվյալ նախագծի նշանակության մասին հարցին «Հայկական կոտորածի» համատեքստում, թուրք նախարարը հայտարարել է, որ «պատմությանն առնչվող հարցերը պատմաբանները պետք է քննարկեն», գրում է «Միլլիեթ»-ը:





