AM
18 Սեպտեմբեր 2003 - 13:53 AMT

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ԱՆԹԱԼԻԱ Է ՄԵԿՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

Հայաստանի մշակույթի նախարար Թամարա Պողոսյանը չի մասնակցում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մշակույթի նախարարների հանդիպմանը, որն այսօր պետք է սկսվի Անթալիայում: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Թ.Պողոսյանը, նա չի կարողացել մեկնել Անթալիա, քանի որ զբաղված է Հայաստանի Անկախության օրվան նվիրված տոնակատարությունների կազմակերպմամբ: Նրա խոսքերով, հանդիպման ժամանակ Հայաստանը կներկայացնի մշակույթի փոխնախարարը: Նշենք, որ նախարարների հանդիպումը տեղի է ունենում թուրքական իշխանությունների հրավերով` Եվրախորհրդի «Մշակութային քաղաքականությունն անցումային շրջանում. երկխոսություն եւ նոր գործընկերություն» նախագծի շրջանակներում: