ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ Ծաղկաձորում այսօր տեղի ունեցավ ոռոգման շրջանի մեկնարկին նախորդող ավանդական հանդիպում-քննարկումը, որին մասնկացում էին ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրառ եւ Ջրօգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ:
Հանդիպմանն ամփոփվեցին 2011թ. արդյունքները, խոսվեց 2012թ. գործունեության հիմնական ուղղությունների, գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման մասին:
Փոխվարչապետն ընդհանուր առմամբ բավարար գնահատեց 2011թ. համակարգի գործունեությունը` նշելով, որ ընկերությունների գործունեության արդյունքում հաջողվել է կայուն ջրամատակարարում ապահովել: ՋՕԸ-երի սպասարկման տարածքում ավելացել են ոռոգվող հողատարածքները (նախորդ տարվա համեմատ մոտ 1000 հեկտարով ավելի), որոշակի աճ է արձանագրվել նաեւ հավաքագրումների մասով` կազմելով 3,76 մլրդ դրամ (նախորդ տարվա 3,56 մլրդ դրամի դիմաց) կամ հասույթի 82.7%-ը:
Այդուհանդերձ, Ա.Գեւորգյանը պահանջեց ընթացիկ տարում ավելի ինտենսիվ զբաղվել ձեւավորված հասույթի դիմաց վարձավճարների ժամանակին եւ ամբողջական հավաքագրմամբ, ինչն ապահովում է համակարգի բնականոն գործունեությունը: Այս համատեքստում փոխվարչապետին առաջիկայում կներկայացվի նաեւ ոռոգման ջրի դիմաց 50 հազար դրամից ավելի պարտք ունեցող շահառուների ցուցակը, որոնց նկատմամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն:
Անդրադառնալով 2012թ. անելիքներին` փոխվարչապետը ՋՕԸ-երի համար առաջնային համարեց անխափան եւ պահանջարկին համապատասխան ջրամատակարարման, արդյունավետ ֆինանսական վարչարարության եւ կարգապահության ապահովման հարցերը: Նա նկատեց, որ անցած տարի ենթակառուցվածքների վերականգնման մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, ստեղծվել են ոռոգումն ավելի արդյունավետ կազմակերպելու պայմաններ, ուստի պահանջներն ու ակնկալիքները եւս բարձր են լինելու:
Ա. Գեւորգյանն ընկերությունների ղեկավարներին հորդորեց լրջորեն նախապատրաստվել ոռոգման նոր շրջանին, որպեսզի մեկնարկի հետ կապված դժվարություններ չառաջանան, եւ ընկերությունները պատրաստ լինեն պահանջարկին համապատասխան ջրամատակարարում ապահովել: Հանձնարարվեց նաեւ մինչեւ ոռոգման շրջանի մեկնարկը պայմանագրեր կնքել սպառողների հետ` նշելով սպասարկվող հողատարածքի ծավալը, մշակվող կուլտուրայի տեսակը եւ այլն։
Հանդիպմանը ՋՕԸ-երի ղեկավարները տեղեկատվություն ներկայացրին իրենց սպասարկման տարածքներում առկա իրավիճակի մասին:





