Երբ 40-օրական Հիսուսին բերել են եկեղեցի, Սիմեոն ծերունին՝ Աստվածաշնչի 75 թարգմանիչներից մեկը, նրան ընդառաջ է եկել, և այստեղից էլ ծագել է Տեառնընդառաջի տոնը: Այսօր լրագրողների հետ հանդիպանն այս մասին ասաց Տեր Ադամ քահանա Մակարյանը՝ հավելելով, որ տոնը Տիրոջն ընդառաջ գնալու, նրա պատվիրանները կատարելու հորդոր է:
Ինչ վերաբերում է տոնի մյուս՝ «Տրնդեզ» անվանմանը, ապա դա էլ մեկնաբանվում է որպես «Տերն ընդ ձեզ»՝ Տերը մեզ հետ է: Քահանան նշեց, որ տոնը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան և շարունակվում նաև հաջորդ օրը:
«Հաջորդ օրը կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Սա բոլոր նորապսակների ու ընդհանրապես՝ բոլոր ընտանիքների տոնն է»,- ասաց ասուլիսի մյուս բանախոսը՝ Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:
Նա անդրադարձավ նաև կրակի վրայով թռչելու սովորույթին՝ նշելով, որ դա բնավ էլ հեթանոսական ավանդույթ չէ, այլ Աստծո լույսի, ջերմության խորհրդանիշն է. «Գրիգոր Տաթևացին այս առթիվ ասել է, որ ոչ թե կրակին ենք խոնարհվում, այլ վրայով թռչելով, հաղթում ենք կրակին»:
Ժողովուրդն ասում է՝ կրակի վրայով թռչելով բոլոր չարքերին հաղթում ենք, սակայն ըստ քահանաների, սա պետք է ընդունել որպես զվարճանքի մի տեսակ:





