AM
14 Փետրվար 2012 - 06:37 AMT

«Ժողովուրդ». ՕԵԿ-ում բավական լարված իրավիճակ է

«Ժողովուրդ» օրաթերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՕԵԿ-ում բավական լարված իրավիճակ է:

Համամասնական ցուցակում, բացի առաջին երեք անուններից, մյուսները դեռ որոշված չեն: Նախնական տվյալներով` ՕԵԿ ցուցակը գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը, հետո լինելու են Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը:

Թերթի տեղեկություններով, քանի որ հրաշքի դեպքում ՕԵԿ-ը հաջորդ խորհրդարանում կունենա 5-6 պատգամավոր, հիմա ՕԵԿ-ում բոլորը փորձում են հնարավորինս բարձր տեղեր գրավել: Ասում են` ոմանք արդեն հրաժարվել են ֆինանսներ ներդնել ՕԵԿ ընտրարշավի համար` երաշխիք չունենալով, որ իրենք կհայտնվեն Աժ-ում:

Իսկ ՕԵԿ ցուցակը կհրապարակվի հաջորդ ամիս` համագումարից հետո: ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանը հերքել է կուսակցությունում առկա հակասությունների մասին լուրերը: «Համամասնական ցուցակը ՕԵԿ-ում պաշտոնապես դեռ չի քննարկվել: Բայց ՕԵԿ ցուցակում ունենք հաստատուն մարդիկ, օրինակ` պատգամավորներ, որոնք, հնարավոր է, ընդգրկվեն նաև այս անգամ»,-ասել է նա: Ինչ վերաբերում է ՕԵԿ առաջին երեք համարներին, Աբրահամյանը նշել է, թե դա տրամաբանական, հիմնավոր հետևություն է: