Այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից նոր համանախագահը ժամանել է Ստեփանակերտ, վկայում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ընկալվում է որպես հակամարտության լիիրավ կողմ, որը չի կարելի անտեսել: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ հանդիպումից հետո: Ա.Ղուկասյանը համոզմունք է հայտնել, որ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման գործընթացի վերսկսման դեպքում Լեռնային Ղարաբաղը բանակցություններին կմասնակցի որպես լիիրավ կողմ, ինչն անհրաժեշտ է հակամարտության վերջնական կարգավորման համար: Պատասխանելով ղարաբաղյան խնդրի լուծման համար կարգավորման այս կամ այն, մասնավորապես, Կոսովոյի մոդելի հնարավոր կիրառմանն առնչվող հարցին` Ղուկասյանը նշել է. «Մենք այժմ որեւէ մոդել չենք դիտարկում»: Նրա խոսքերով, ղարաբաղյան կողմն ունի որոշակի պայմանավորվածություններ Մինսկի գործընթացի եւ Հայաստանի ու Ադրբեջտանի նախագահների հանդիպումների շրջանակներում, կան նաեւ սեփական մշակումներ, որոնք կառաջարկվեն:





