AM
16 Փետրվար 2012 - 05:28 AMT

«Հայկական ժամանակ». 2008թ. մարտի 1-ից հետո հազարավոր կուսակցականներ զանգվածաբար լքել են ՕԵԿ շարքերը

2008թ. մարտի 1-ից հետո հազարավոր կուսակցականներ զանգվածաբար լքել են «Օրինաց երկրի» շարքերը: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնել է Աժ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը, որը մինչև վերջերս ՕԵԿ անդամ էր: Կուսակցականների նման պահվածքը Բաղդասարյանը բացատրել է նրանով, որ այն ժամանակ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, թե ՕԵԿ ղեկավարը կոալիցիա կկազմի Սերժ Սարգսյանի հետ:

«2008թ. նախագահական ընտրությունների շրջանում Արթուր Բաղդասարյանը կուսակցական բոլոր ժողովներում ասում էր, որ կա երկու տարբերակ` միանալ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կամ ընտրություններին մասնակցել միայնակ: Իշխանությունների հետ համագործակցությունը բացառում էր: Փաստորեն, ընտրեց այն տարբերակը, որ մշտապես բացառել է: Մտածել է պետք, թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանը Արթուր Բաղդասարյանին դավաճան անվանել: Մտածել է պետք, թե ինչու էր Արթուր Բաղդասարյանին դավաճան անվանել նաև Ռոբերտ Քոչարյանը»,- ասել է պատգամավորը՝ ընդգծելով, որ ՕԵԿ քաղխորհրդում ինքը դեմ է քվեարկել Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա ձևավորելու առաջարկին: